Ճամբարային վերջին շաբաթ

Իմ առաջին լուսաբանման մեջ նշել եմ, որ սեբաստացիների ամենասիրելի շրջաններից են ուսումնական ճամբարները։ Այժմ ուզում եմ ասել, որ մեզ համար ճամբարի ավարտը այդպես էլ սիրելի չդարձավ, սակայն ոչինչ փոխել չենք կարող, լիցքաթափվելուց և հավես ժամանակ անցկացնելուց հետո պետք է կրկին վերադառնալ դասերին։ Հիմա կներկայացնեմ, թե ինչ ենք հասցրել անել վերջին շաբաթվա ընթացքում և իհարկե, վերջում կփորձեմ ձեզ փոխանցել այն էմոցիաները, որ ունեցել ենք ճամբարի ընթացքում․․․

Այս շաբաթը սկսվեց ինտելեկտուալ մրցաշարով։ Քանի որ մենք իսպանախոսներն ենք, դա արդեն բավական էր, որ մենք մասնակցեինք մրցույթին:) Երկար պայքարից հետո զբաղեցրեցինք երրորդ հորիզոնականը, որը իրոք վատ արդյունք չէ։

Մեր ջոկատի անդամների համար շատ սպասված էր այս շաբաթը, քանի որ որոշել էինք մեր ամենա-ամենասիրելի ուսուցչուհու ծննդյան տարեդարձը անպայման ինչ-որ ձև նշել ու կապ չունի, որ մի քիչ ուշ։ Գիտեմ, որ ընկեր Ռուզաննան կարդալու է այս պատումը, և ուզում եմ ասել, որ նա իմ հանդիպած այն հազվադեպ ուսուցիչներից է, ով ինձ հիացրել է իր մարդ տեսակով։ Ես վստահ եմ, որ դժվար պահերին նա պատրաստ է մեզնից յուրաքանչյուրի կողքին լինել, աջակցել։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ մենք ձեզ շատ ենք սիրում․․․Ու սա ես վստահորեն ասում եմ մեր բոլորի անունից։

Ճամբարի ընթացքում մեր ընկերները մասնակցել են տարբեր բեմադրությունների։ Շատ սիրով ու հետաքրքրությամբ գնացել էինք դիտելու ու մեր ներկայությամբ ոգևորելու։

Շաբաթը, ինչպես միշտ, լի էր ժամանցային, ուսուցողական սեղանի խաղերով։ Ի դեպ, մենք այս շաբաթ հասցրել ենք մեր դասը անցկացնել գրասենյակում։ Ես վստահ եմ, որ նման դեպք առաջին անգամ էր տեղի ունենում մեր դպրոցում։ Եվ իհարկե ցանկացած նոր ու խենթ բան կարող են անել միայն իսպանախոսները։

Այս շաբաթ ամփոփել ենք նաև <<Ստեղծագործ պատանի>> համագործակցային նախագիծը, որի ընթացքում պարզեցինք, թե ովքեր էին մեր ստեղծագործ ընկերները։ Եղավ հարց ու պատասխան։ Հեղինակները մեզ պատմեցին իրենց գրելու մոտիվացիայի, ձևի մասին․․․

Ունեցել ենք նաև այցելություն կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ կազմակերպվել էր ցուցադրություն։ Ծանոթացանք խմիչքներին և նաև փորձեցինք։ Մեզ հյուրասիրեցին լիկյոր, կոնյակ և գինի, որոնք պատրաստել էին սեբաստացիները։

Այժմ ամփոփելով ամբողջ ճամբարը, կասեմ, որ միայն դրականն ու լավն ենք վերցրել ճամբարից։ Փորձել ենք ամեն կերպ մեր օրերը դարձնել հետաքրքիր ու հիշարժան։ Արդեն ունենք նոր ընկերներ՝ ավագ ընկերներ։ Հասցրել ենք բացահայտել իրար, հասցրել ենք սիրել ու հասցրել ենք միասին ճամփորդել։ Ինձ համար ամենահիշվող ճամբարն էր սա՝ նոր մարդկանցով, հավես ու հիշարժան օրերով։ Դե իհարկե, ընկեր Ռուզաննայի հետ ամեն բան էլ ավելի հետաքրքիր դարձավ, նա ամեն կերպ փորձում էր լցնել մեր օրը․․․Ես վստահ եմ, որ այս խենթ իսպանախոսների ջոկատը դեռ իր կազմով վերադառանալու է և անելու այն, ինչ չհասցրեց այս ուսումնական ճամբարի ընթացքում։

Leave a comment