Լոռին էր կանչում…

Խառնաշփոթ, ուրախություն, ծիծաղ, լավ տրամադրություն…ամեն ինչ, բացի տխրությունից։

Ժամանակն էր, կարիք ունեի մի քանի օրով թողնելու քաղաքը, դասերը, մոռանալու կրկնվող առօրյան։ Ժամանակն էր։ Մենք կարոտել էինք երկար ճանպարհը, ճանապարհը կարոտել էր մեզ։ Ուղղությունը` դեպի աննկարագրելի շքեղ Լոռի, ավելի կոնկրետ` Ալավերդի քաղաք։

Հաճախ ճամփորդելու նպատակը միայն տեսարժան վայրերը տեսնելը չէ, այլ նաև ինքդ քեզ վերագտնելը այդ մոռացված ճանապարհներում։ Ընկերներիդ բացահայտելը, թողնել, որ իրենք էլ քեզ բացահայտեն։ Ճանապարհները կարող են փոխել մարդուն, մարդու զգացմունքները, տեսակետները, հայացքները։ Դե իհարկե մի ամբողջ գիրք էլ գրեմ այս ճամփորդությույան մասին, չեմ կարող ձեզ փոխանցել այդ էմոցիաները։ Բավականին ուրախ տրամադրությամբ շարժվեցինք դեպի Ալավերդի։ Ընթացքում կանգառները եղան Ապարանը և Քոբայրավանքը, որից հետո անմիջապես դեպի հյուրանոց։ Հասանք։ Ամեն բան մի տեսակ ծանոթ ու հարազատ էր թվում, սակայն երբևէ չէի եղել Ալավերդի քաղաքում։ Երևի նրանից էր, որ եղբայրս շատ էր պատմել իրենց՝ դեպի Ալավերդի ճամփորդությունից։ Տեղավորվեցինք, ծանոթացանք միջավայրին ու շտապեցինք բացահայտելու այդ գողտրիկ ու լուռ քաղաքը՝ այն նպատակով, որ քաղաքը ապրեցնենք ու լցնենք մեր ուրախությամբ։ Քաղաքը միանգամից լցվեց մեզնով ու մեր ծիծաղով։ Այնքան հարազատ ու սիրուն էր ամեն բան։ Փողոցում մարդկանց դեմքին պակասում էր ժպիտը, շատերը զարմացած մեզ էին նայում ու հարցնում, թե որտեղից ենք եկել։

Հյուրանոցի դիմաց կար նստարան, որը ինձ համար դարձավ ամենասիրելին, որտեղ մենք գիշերը նստում էինք, զրուցում ու անկեղծանում…չգիտեմ, մի տեսակ շատ սիրեցի էտ հատվածը:)

Հաջորդ օրը բավականին հագեցած էր, հասցրինք տեսնել Ախթալայի բերդը, վանքը, Հաղպատը, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Հայաստանի միակ փակ պոչամբարը, Նահատակ պոչամբարը։

Ժամերը Ալավերդիում շատ արագ էին անցնում, քաղաքը նորից լցված էր ծիծաղով։ Տեղացիների համար անսովոր էր, բայց գիշերը մենք ուղղակի թափառում էինք քաղաքով, մարդիկ շատ անհասկանալի հայացքնրով էին մեզ նայում, սակայն մենք ուղղակի վայելում էինք պահը, իրար, Դեբեդի խշխշոցը ու աստղազարդ երկինքը։ Դեբեդը թաքուն լսում էր մեր խոսակցությունները, իր հետ տանում էր…

Ու լռեց քաղաքը, լռեցինք մենք…Ետդարձի ճանապարհին ավելի լուռ էինք, վայելում էինք վերջին րոպեները Լոռիում, հաճախ նկատում էի, որ ժպտում ենք, երևի ամեն մեկս հիշում էինք մեզ համար ամենասիրուն պահը։ Մենք մեզնից մի մասնիկ թողել ենք Ալավերդիում, մեր ժպիտներն ու էմոցիաներն ենք թողել, զգացմունքներն ու մեր շունչն ենք այնտեղ թողել՝ վստահ լինելով, որ վերադառնալու ենք ու մեր թողածի եռակին ստանալու։ Մի խոսքով սիրուն քաղաք, սիրուն մարդիկ ու սիրուն պահեր…կկարոտեմ։