Սիրադեղյանին ո՞նց հասկանալ

 «Վերջին շրջանում իմ մեջ գերակշռող զգացումը, վիրավորվածությունը չասեմ, գուցե հուսահատությունն է… Այս հոգնածությունը, սակայն, եթե ամեն ինչ հոգնածությանը վերագրենք, ես չեմ հասկանում: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ պետք է սթափվի, ժամանակ առ ժամանակ հոգնած մարդը լվացվում է սառը ջրով, գլուխը պատին է տալիս: մեր ժողովուրդը, երևում է ընդունակ չի ինքնազգաստացման համար գլուխը պատին խփել, կամ ԱՉՔԻ ՓԱՌԸ մաքրել…Ընդունակ չի և սա կործանարար վիճակ է, որը ներսից կկրծի ժողովրդին, մեր թվացյալ միասնությունը կկորցնի նույնիսկ այն վիճակը, երբ երկու մարդ, իրար վստահելով, խոսում էին…..»:

Ուսումնասիրել Վանո Սիրադեղյան բարդ է, երբեմն ոչ հասանելի յուրաքանչյուրին։ Կարծում եմ, որ Սիրադեղյանի գրած, արտահայտած գաղափարներից շատերը անհասանելի են լինում սովորական մարդկանց։ Եկեք պարզաբանեմ «սովորական մարդկանց» ասվածն ՝ այս պարագայում։ «Սովորական մարդը» փոխարինենք «ընթերցող»-ով։ Ինչ-որ նյութ կամ պատմվածք ընթերցողներից շատերը սահմանակափակ և «ռոբոտացված» են ընթերցում։ Նրանց համար կարևոր է ճիշտ կարդալը, ճիշտ առոգանությամբ կարդալը, այլ ոչ թե բուն գաղափարը։ Իհարկե կլինեն ստեղծագործողներ, ովքեր կգրեն այնպես հասանելի, որ ուղղակի կարդալով հասկանաս գաղափարը, ասելիքը։ Սակայն Սիրադեղյանը․․․Սիրադեղյանին պետք է ուշադիր կարդալ, անկեղծ կարդալ, և կենտրոնանալ գաղափարի վրա, փորձել հասկանալ թաքնված միտքը, մեզ համար թաքնված միտքը։ Ես ինքս էլ Սիրադեղյան ընթերցելիս ստիպված եմ լինում ընթերցել մի քանի անգամ։ Սկզբում «ռոբոտացված», իսկ հետո հասկանում եմ, որ Սիրադեղյան էտպես չեն կարդում։

Ինչ վերաբերում է հատվածին, կարծում եմ, որ Սիրադեղյանը խոսել է հայերիս ոչ սթափ վիճակից, աշխարհից կտրված վիճակից։ Մենք կտրված ենք իրականությունից և ապրում ենք մի աշխարհում, որտեղ մենք ամենահզոր մարդիկ ենք, կարող ենք անել ամեն բան, վերացնել հսկայական պետություններ։ Սիրադեղյանը փորձում էր հասկացնել, որ երբեմն պետք է պոկ գալ այդ «հրաշալի աշխարհից» և մտնել իրականություն։

Ինչպես Մաթևոսյանն էր ասում Վանոյի մասին․

«Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած…»

Եվ իրոք, Վանոն փորձում էր հեքիաթի չվերածել իր ստեղծագործությունները, այլ գրում էր այն, ինչը կա, ինչը իրական է և հնարավոր։