Մոդայի գեղագիտական տարրը․ Ազգային հագուստ

Թեմա ՝ Մոդայի գեղագիտական տարրը:Ազգային հագուստ:Էջ 23-25/այլ աղբյուրներ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:/գրավոր բլոգային աշխատանք/

Ազգային հագուստը ցույց է տալիս, թե տվյալ հագուստը կրող մարդը հասարակության որ շերտին է պատկանում, ինչ դիրք ու դեր ունի։ Ազգային հագուստը տվյալ ազգի մշակույթի մի մասն է, այն հաճախ չի փոփոխվում և պահպանվում է։

Մոդան պայմանականություն է, բայց անհրաժեշտ պայմանականություն, որն արտացոլում է տվյալ հասարակությունը կազմող անհատների ազատության, ոգեղենության, ճաշակի և այլ հատկանիշների ամբողջությունը։ Մոդան հնարավորություն է տալիս անհատին յուրացնել հասարակության կուտակած մշակութային փորձը, և դրանով այն շատ կարևոր է երիտասարդների համար։ Մյուս կողմից՝ մոդան արտացոլում է նոր սերունդների ձգտումն ապրել նոր ձևով, չնմանվել նախորդ սերունդներին, ինքնահաստատվել։

Հայկական տարազ․

Մեկ համահայկական ընդհանուր տարազ չկա։ Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում կլիմայական պայմանների տարբերության, ինչպես նաև մարդկանց նիստուկացի և ավանդույթների բազմազանության շնորհիվ առաջացել են հայկական տարազի մի շարք համալիրներ, որոնցում հագուստի այս կամ այն դետալը առկա է եղել կամ բացակայել է։

Միևնույն տարածքում նույնպես եղել են տարբերություններ առանձին խավերի տարազների միջև․ դրանք իրաից տարբերվել են օգտագործված գործվածքների, թելերի, կարի որակով, նրանց վրա կատարված նուրբ ձեռագործների քանակով, հարգի համարվող դետալների առկայությամբ կամ բացակայությամբ և, իհարկե, զարդերի քանակով ու արժեքով։ Հայկական տարազը համարվում է արձակ, բաց տիպի, քանի որ զգեստն ունի կտրվածքներ առջևից և կողքերից։ Զգեստի ուրվագիծն ազատ է, իսկ գույներից գերակշռում են կարմիրը, կապույտը, կանաչը, մանուշակագույնը և դեղինը։ Հայկական զգեստը երկարափեշ է, կողքերի ճեղքվածքներով, ունի նաև գոտի։ Հայկական հագուստի մեջ լայնորեն օգտագործվել է ասեղնագործությունը։

Կարծում եմ, որ այժմ անհնար է ամբողջովին վերականգնել հայկական տարազը և կիրառել, սակայն կան մի շարք մեթոդներ դրանք մեր հագուստին ավելացնելու համար։ Մենք կարող ենք մեր վերնաշապիկների կամ շալվարների վրա ավելացնել հայկական տարազի զարդանախշեր։ Ի դեպ, սա որոշ չափով իրագործվում է, հաճախ եմ հանդիպում նմանատիպ շապիկների, պայուսակների կամ զարդերի, որոնք ինձ համար բավականին գեղեցիկ են։ Հայկական ազգային հագուստի պահպանված բազմաձևությունն ու գեղեցկությունը կարող են ոգեշնչել հայկական նորաձևության տներին, որպեսզի վերջիններս օգտագործեն ավանդական ազգային զգեստի յուրակերպ կողմերն ու ստեղծեն գեղեցիկ համադրություններ։