175 տարի առաջ Ալաշկերտից, Մուշից, Վանից եւ Կարսից գաղթելով Արեւելյան Հայաստան եւ Արագած լեռան արեւմտյան լանջին ամրանալով` մեր նախնիները ծնունդ տվին մի բնակավայրի, որ կոչեցին Ուռենուտ: Հետագայում օտար նվաճողները գյուղի անունը փոխեցին` կոչելով Սոգյութլի: Այժմ Շիրակի դաշտավայրի այս բնակավայրն առավել հայտնի է իր վերափոխված` Սառնաղբյուր անվամբ: Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կաթնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները: Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։
«…1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Տաճկահայաստանից շատ փախստականների, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երեւան անցնելն էր: Արագածի հարավ-արեւմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում էր Սոգյութլիով: Ահա այստեղ էլ 1918 թ. մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից»:
Սա հատված է ծնունդով սառնաղբյուրցի Ռուդիկ Գեւորգյանի` ՀՀ Պաշտպանության նախարարության
«Հայկական բանակ» հանդեսում տպագրված «1918 թ. մայիսյան հերոսամարտի մի նոր էջ» հոդվածից:
«Թուրքի ջարդերի վախտը սկեսուրս 20 տարեկան է եղել, զենքը վրեն տղամարդկանց հետ հավասար կռվել է, երբ որ իրա հարազատներին կկոտորեն, վրեժը կմտնի սիրտը եւ կերդվի` ուրտեղ թուրք հանդիպի, իր վրեժը լուծի,- Մշո բարբառով պատմում է Աստղիկ Եկմալյանը:
Հանգուցյալ տատս՝ Մարտակ Զեպետը, պատմում էր, որ գյուղում մնացած կանայք օր ու գիշեր հաց էին թխում, կերակուր պատրաստում և խուրջիններով դիրքեր հասցնում, իսկ նրա մայրը՝ Յաղութը, իր ընկերուհիների հետ կժերով Կաթնով աղբյուրից ջուր էր հասցնում մարտնչողներին և ինքնապաշտպաններին՝ միակ «Մաքսիմ» գնդացիրը հովացնելու համար: Գյուղում մնացած պատանիները, որոնց մեջ էր նաև իմ պապը` Մարտկա Վարդանը, էշերով օրական 2-3 անգամ գնում էին Թալին և փամփուշտ բերում դիրքեր:
<<ճակատագրական պահին սխալվելը նշանակում էր մահ: Անհրաժեշտ էր ամեն ինչ հաշվի առնել, ուշի-ուշով լսել բոլորին, ապա նոր որոշում կայացնել: Ահա թե ինչու մինչեւ լուսաբաց բազմակողմանի ու մանրամասն քննարկվում էր ջարդից խուսափելու հարցը: Իհարկե եւ գյուղի երիտասարդությունը, հատկապես պատերազմից վերադարձած մարդիկ, եւ գաղթականներից շատերը զինված էին, չնայած որ դա անբավարար էր թուրքերին դիմադրելու համար: Փախչել եւ պատսպարվել լեռներում, նշանակում էր թշնամուն հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլեւ անթիվ-անհամար այն փախստականներին, որոնք այստեղ ապաստան էին գտել: Կռվով նահանջել դեպի Երեւան, Էջմիածին, դա եւս կվտանգեր բոլորին, առաջին հերթին ծերերին, կանանց եւ երեխաներին: Կարճ ժամանակում լրացուցիչ զենք հայթայթելն էլ գրեթե անհնար էր: Պետք էր ժամանակ շահել, թեկուզ մեկ-երկու օր: Թուրք ասկյարին պետք էր վախեցնել, մինչեւ սթափվելը` դրանով իսկ հնարավորություն կընձեռվեր հասնել նպատակին: Գործողությունները հնարավորին սահմաններում պետք էր կատարել գաղտնի եւ շատ արագ»:
Հանպատրաստից ստեղծված ռազմական կոմիտեն որոշում է գյուղի դիմացի` Գունի կոչվող սարից մինչեւ Տաշխալայի (Քարաբերդ) սահմանը, շուրջ 14 կմ երկարությամբ ստեղծել պաշտպանական դիրքեր, քանի որ ինքնապաշտպանության համար տեղանքը շատ հարմար էր: Առանց մեծ կորուստների թուրքերն այստեղով անցնելու հնարավորություն չէին ունենա: Որոշվում է առաջին մեկ-երկու օրը երիտասարդությանը գյուղից հանել սարերը, ծրագրվում է նաեւ գյուղ մտնող թուրքերի դիմավորումը, այնուհետեւ նրանց ոչնչացնելու տարբերակները, հաստատում դիմադրության պլանն ու հատվածավորումը: Ինքնապաշտպանությունը պետք է տեւեր այնքան ժամանակ, մինչեւ որ կապավորները լուր բերեին տարհանվածների` Երեւան եւ Էջմիածին հասնելու մասին: Մի հատուկ խումբ է առանձնացվում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:
Սառնաղբյուրցի Ռուդիկ Գեւորգյանին հաջողվել է 85 տարի անց արխիվային փաստաթղթերով հաստատել հոր եւ համագյուղացիների պատմածներն ու թողած գրառումներն այն մասին, որ մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ: Եվ այսուհետ հիշատակելով Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան` պետք է նշել նաեւ Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի սրի քաշվելուց, այլեւ կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին:
Կարծիք`
Իմ կարծիքով այս ճակատամարտը ճակատագրական էր բոլորիս համար: Եթե մեր հերոսները պարտվեին այս ճակատամարտում մենք չէինք ունենա այսպիսի ազատ երկիր: Իմ կարծիքով այս ճակատամարտի և ոչ միայն այս ճակատամարտի շնորհիվ է, որ մենք ապրում ենք, կանք և կլինենք…
Տեսանյութ՝